Ռումինիայի նախագահը բողոքի ակցիաների առնչությամբ պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ-ից (լուսանկարներ)
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքում համաներման հետ կապված փոփոխությունների առնչությամբ, և պահանջել է շտապ կարգով ՆԳՆ-ի և ժանդարմերիայի ղեկավարներին պարզաբանումներ տրամադրել դրան հետևած բողոքի ակցիաների վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը փոփոխություններ է մտցրել երկրի քրեական օրենսգրքում, ինչպես նաև կալանավորների համաներման մասին որոշումներ ընդունել։ Երկրի քաղաքացիները վախենում են, որ նոր փոփոխությունների ընդունման հետևանքով ազատության մեջ կհայտնվեն այժմ պատիժ կրող կոռումպացված քաղաքական գործիչները, ինչպես նաև որոշ վտանգավոր հանցագործներ։ Ռումինիայում Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի դեսպանատները համատեղ հայտարարությունում նշել են, որ իշխանությունների գործողությոններն ուղղված են «կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տասնամյակի ընթացքում ձեռքբերված առաջընթացը տապալելուն»։
Յոհանիսը հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները նախօրոք իմացել են, որ սադրիչները պատրաստվում են խանգարել խաղաղ բողոքի ակցիային և թույլ են տվել նրանց անցնել ցուցարարների շարքերը։
Նա հայտարարել է, որ խնդրել է «ՆԳՆ ղեկավարությանը և ժանդարմերիային շտապ ներկայացնել գրավոր բացատրություններ, թե ինչպես կարելի էր թույլ տալ, որ խաղաղ ցուցարարների շարքերում հայտնվեին սադրիչներ»։
Նրա կարծիքով՝ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումը փոփոխությունների մասին հրամանի չեղյալ հայտարարումն է։




















