«Հաց բերող» Արթուր Սարգսյանը բուժում չի ստանում, քանի որ հացադուլի մեջ է. պատգամավորներին թույլ չեն տվել հանդիպել նրա հետ

11:07 • 13.02.17

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Նիկոլ Փաշինյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թույլ չեն տվել հանդիպել «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանին, ով արդեն 3-րդ օրն է հացադուլի մեջ է:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց թույլ չեն տվել տեսնել, թե ինչ սենյակում են պահում Արթուր Սարգսյանին և ինչ վիճակում է գտնվում նա: Ըստ նրա՝ Արթուր Սարգսյանը բուժում չի ստանում, քանի որ հացադուլի մեջ է, թեև առողջական լուրջ խնդիրներ ունի:

Մարուքյանը նաև նշեց, որ այսօր Գլխավոր դատախազի հետ պետք է հանդիպեն և ներկայացնեն «աբսուրդ վիճակը»՝ օրենքի սխալ կիրարկում և քննիչի սխալ որոշում:

Ի դեպ, նա նշեց, որ իրենց ասել են, որ միայն ՄԻՊ-ին կարող են թույլ տալ, ինչն իրավաչափ չէ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակը լինելու է միջնորդությունը, որպեսզի խափանման միջոցը փոխեն:

«Մենք պատրաստ ենք երաշխավոր հանդես գալ, որ Արթուր Սարգսյանը քննչական մարմնի կանչով կներկայանա, մեր անձնական երաշխավորությունը պատրաստ ենք տալ, որ ազատության մեջ գտնվի: Նա լուրջ հիվանդ է, հացադուլ է հայտարարել և բուժումը դարձել է անհնար, ինքն էլ հրաժարվում է հետազոտություններ ընդունել, իսկ դեղեր էլ չի կարելի, քանի որ սնունդ չի ընդունում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել էին Հատուկ քննչական ծառայություն և նրա խափանման միջոցը կրկին փոխել՝ երկու ամսով կալանք։ Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Արթուր Սարգսյանին ազատ էին արձակել՝ հիմք ընդունելով նրա առողջական խնդիրները։