Լավ եմ անում. Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալաքյանի հայտարարության մասին, թե ինքը զբաղվում է «Համախմբման» լոբբինգով

14:05 • 13.02.17

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունն այսօր որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թ.-ի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին, ոչ թե դաշինքին, դաշինք չի եղել:


«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Համախմբում» կուսակցության լոբբինգն է իրականացնում և որ նա փետրվարի 6-ին այցելել է իրենց կուսակցության գրասենյակ ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Մարտիրոսյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան և այլք:


Այս առնչությամբ Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Սամվել Բաբայանից:

 

Լսելով Վիկտոր Դալլաքյանի անունը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց, թե ինքը նրա հայտարարությանը ծանոթ չէ, ապա նշեց. «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները, այդքանով ավարտենք»:

Դիտարկմանը, թե Դալաքյանը հայտարարել է, որ Բաբայանը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում, այցելել է «Համախմբում», ներկայացրել ցուցակ, որոնց առաջին 7 համարները «Համախմբման» ներկայացուցիչներ են, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:

Երբ փորձեցինք ճշտել, թե Դալլաքյանի հայտարարությունը փաստորեն իրականությանը համապատասխանո՞ւմ է. Բաբայանն ասաց, որ ամեն մեկի ասածը չի կարող մեկնաբանել։

 

 

Լավ եմ անում. Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալաքյանի հայտարարության մասին, թե ինքը զբաղվում է «Համախմբման» լոբբինգով