«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանի պաշտպանին ՔԿՀ-ում ցանկացել են խուզարկել, քննչական գործողություններ իրականացել են առանց նրա ներկայության
«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին հերթական անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցներն արգելել են մտնել ՔԿՀ, և քննական գործողություններն իրականացվել են առանց պաշտպանի ներկայության:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոնիկա Մարգարյանը՝ հավելելով, որ արդեն երկու շաբաթ է՝ չի կարող տեսակցել իր պաշտպանյալին:
«Այսօր քննիչը, թարգմանիչն (Թաթուլ Թամրազյանը չի տիրապետում հայերենին - խմբ) ու ես գնացել էինք «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ-ի աշխատակիցները հերթական անգամ ապօրինի անձնական խուզարկության պահանջ ներկայացրին, թե պիտի ստուգեն պայուսակներս, հագուստս, անգամ՝ գրպաններս, այլապես ներս չեն թողնի: Ստացվեց, որ քննիչն ու թարգմանիչը մտան քննչական գործողություն իրականացնելու առանց պաշտպանի»,-ասաց Մոնիկա Մարգարյանը:
Պաշտպանն ասաց, որ ինքը չի կարողանում պատշաճ իրավաբանական օգնություն ցուցաբերել, իսկ իր պաշտպանյալը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից. «Այսօր ևս ներս չթողեցին, անունը զննություն են դնում, թե մեկ այլ բան, դա անձնական խուզարկություն է. անգամ իրենց վերադասը գրությամբ պատասխանել է, որ ինձ կարող են խուզարկել: Դա ապօրինի գործողություն է»:
Մոնիկա Մարգարյանը նաև հայտնեց, որ տեսակցության խոչընդոտների, ապօրինի խուզարկության մասին դեռևս փետրվարի 1-ին դիմում է գրել ՀՀ ՄԻՊ-ին, սակայն դեռևս որևէ արձագանք չի ստացել:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 218-րդ հոդվածով՝ պատանդ վերցնելը:










