ԼՂՀ ԱԺ ընտրությունների իմ քարոզարշավը խոչընդոտվում է. Վաչիկ Բալասանյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կկայանան N5 ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունները։ Ինքնաառաջադրված է երկու թեկնածու` Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարյանը և Վաչիկ Բալասանյանը, ով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայրն է։
Վաչիկ Բալասանյանն ընտրություններին մասնակցում է «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով։
«Իմ ծրագրերում առաջնային հարցը Արցախի անվտանգությունն է, երկրորդ հարցը սոցիալական արդարության ապահովումն է, մարդու իրավունքների պաշտպանության հարցը, երբ լինեմ խորհրդարանում չակերտները և տողերը կբացեմ»,- Tert.am-ի հետ զրուցում շեշտեց նա։
Նա նաև ասաց, որ քարոզարշավի ընթացքում մի շարք խնդիրներ են առաջացել։
«Շատ համայնքներում գյուղապետերը չեն իրազեկել բնակիչներին, քարոզարշավի մասնակցություն գրեթե չի եղել, կարելի է ասել՝ 10 տոկոսն են մասնակցել։ Շատ մտերիմ մարդիկ մոտիկանում են, ասում, որ դպրոցներում հրահանգում են, որ քարոզարշավին չմասնակցեն, հրահանգողը կրթության վարչության պետն է»,-նշեց նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք արդյոք ի շահ իր մրցակցի են խանգարում, որպեսզի բնակիչների հետ հանդիպի, Վաչիկ Բալասանյանն ասաց, որ չի կարող ասել, որ Վիլեն Սաֆարյանն է սադրել այդպիսի իրավիճակ։
«Չգիտեմ՝ ինչի են այդպես անում, դա զարմանալի է, ԱԺ նախագահն ու երկրի նախագահը եթե իմանան, կարձագանքեն»,-շեշտեց նա։
Tert.am-ի հետ զրուցում թեկնածուներից Վիլեն Սաֆարյանը նշեց, որ պայքարն ընթանում է հավասար պայմաններում, չի կարծում, թե ինչ-որ մեկը առավելություն ունի։ Նրա խոսքով՝ քարոզարշավը բնականոն ընթանում է, հանդիպումներ է ունենում Ասկերանի տարածաշրջանն ընդգրկող համայնքների բնակիչների հետ։
Վիլեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ Վիտալի Բալասանյանը չի միջամտում նախընտրական գործընթացներին։
«Վիտալի Բալասանյանն իմ հրամանատարն է եղել, բոլորն էլ գիտեն՝ ես իմ
թեկնածությունը եղբոր դեմ չեմ դրել, ես օգտագործել եմ իմ սահմանադրական իրավունքը, ոչ մեկը ինչ-որ մեկի դեմ թեկնածություն չի դրել»,-շեշտեց նա։
Անդրադառնալով Վաչիկ Բալասանյանի հետ հարաբերություններին՝ Վիլեն Սաֆարյանն ասաց, որ չի կարելի ասել, թե ընկներ են, բայց հին ծանոթներ են, ճանաչում է դեռևս 90-ական թվականներից։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր է ներկայացնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ և մյուս թեկնածուի ծրագրերից ինչպես է տարբերվում իր ներկայացրածը, Վիլեն Սաֆարյանն ասաց. «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ իր ելույթներում Վաչիկ Բալասանյանն ինչ է առաջարկում, ինչ է խոստանում։ Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ խոստանում, չեմ ասում, որ սարեր եմ շուռ տալու, չգիտեմ՝ ինչ եմ անելու»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ տնտեսական, սոցիալական և անվտանգությանը վերաբերող հարցերն է կարևորում։
Հիշեցնենք, որ Ասկերանից պատգամավոր է ընտրվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով նախորդ տարի նոյեմբերի 3-ին նշանակվեց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Ասկերանի տարածաշրջանում կա 8 հազարից ավելի ընտրող։










