ՀՀԿ-ում էլ տեղ չկար, շատ էին, որոշեցի «Ծառուկյան դաշինքով» առաջադրվել. Խաչիկ Մանուկյան

17:18 • 16.02.17

Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և «Ծառուկյան դաշինքի» Արագածոտնի մարզի տարածքային ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։

Tert.am-ի հետ զրուցում նա նշեց, որ դաշինքի ցուցակում ընդգրկված է լինելու որպես անկուսակցական։

«Որոշեցի միանալ Ծառուկյան դաշինքին, քանի որ ուզում եմ Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին, մարզի հետ կապված ծրագրեր ունեմ, որոնք ուզում եմ իրականացնել, ՀՀԿ-ում էլ տեղ չկար, շատ էին էլի»,-ընդգծեց նա։

Նա ասաց, որ երեկ է որոշել մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Վերջինս նաև շեշտեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ խնդիրներ չունի, հարաբերությունները նորմալ են, մասնակցել է ՀՀԿ վերջին խորհրդի նիստին։

«Իշխանությունները լավը և վատը միշտ ասել եմ, էնենց չի, որ վաղվանից խիստ ընդգծված ընդդիմություն եմ լինելու, բայց խնդիրների մասին միշտ էլ խոսել եմ»,-ասաց նա։

Խաչիկ Մանուկյանն ասաց, որ տնտեսական իրավիճակի բարելավումը տնտեսությունը շարժիչ ուժն է, իսկ տնտեսության իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ։