«Որոշ թեկնածուների համար 1 քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը». Ն. Զոհրաբյանը պնդում է՝ Մասիսի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի (տեսանյութ)
Մասիսում տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Մասիսի Սայաթ-Նովա փողոցում իրենց ակտիվիստը դանակահարվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Մասիսի թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից:
«Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել, և, փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել, նշելով, որ Մասիսում 24-ամյա տղային դանակահարել է համագյուղացին, միջկուսակցական հակամարտություն չի եղել։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կրկին կոչով դիմում է բոլոր նրանց, ովքեր ընտրությունը փորձում են վերածել «կենաց և մահու պայքարի»:
«Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետևելու։ Մի՛ արեք, առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ։ Մի՛ փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է քաղաքական պայքարի համար»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք շարունակելու են անել հնարավորը ընտրությունը բացառապես քաղաքական տիրույթում, քաղաքական դաշտում պահելու համար:
«Հորդորով դիմում եմ այն թեկնածուներին, մասնավորապես՝ Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել Ձեր արած գործերով, Ձեր հեղինակությամբ , եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա: Ի վերջո` ցանկացած քայլ ունի բումերանգի էֆեկտ: Այս պահին մեր կոչը, հորդորը քաղաքական ուժերին մնում է նույնը՝ անենք հնարավորը, ջանքերը ուղղենք, որ լինի քաղաքական պայքար»,-ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը խոստովանեց, որ բարդ լինելու: «Այո, այս ընտրակարգի դեպքում բարդ է լինելու, բայց չպետք է նահանջենք ու զիջենք, այլապես մենք վտանգելու ենք ՀՀ-ն, որը մեկի անձնական բոստանը և սեփականությունը չէ»,-եզրափակեց նա:










