Քննիչները ստուգել են ռուս պաշտոնյաների հետ ԱՄՆ արդարադատության նախարարի կապերը
Ամերիկացի քննիչները ստուգել են ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի շփումները ռուս պաշտոնյաների հետ: Նախընտրական արշավի ժամանակ նա, լինելով Ալաբամա նահանգի սենատորը, աջակցում էր Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:
Այդ ստուգման արդյունքները, ինչպես նաև դրա անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն, նշել են թերթի աղբյուրները: Նրանց տեղեկություններով՝ ստուգումն իրականացվել է ռուս պաշտոնյաների հետ Թրամփի թիմի անդամների հնարավոր փոխգործակցության վերաբերյալ ամերիկյան հակահետախուզության վարած լայնամասշտաբ հետաքննության շրջանակում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի ղեկավարությամբ անցկացվում է հետաքննությունը, դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: Իր հերթին, Սպիտակ տունը վերահասցեագրել է թերթի հարցումն Արդարադատության նախարարություն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նախընտրական արշավի ժամանակ երկու անգամ խոսել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այդ մասին Washington Post-ին հայտնել են Արդարադատության նախարարության պաշտոնյաները: Սեշնսը հանդիպել է Կիսլյակի հետ մեկ անգամ 2016 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները հետաքննություն էին անցկացնում նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, և մեկ անգամ՝ նույն տարվա ամռանը:
Սեշնսը, մինչդեռ, հունվարին՝ Սենատում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է, որ նա չի շփվել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Հաղորդվում է, որ պատախանելով այդ մասին հարցին՝ Սեշնսը հայտարարել է, որ «նա շփում չի ունեցել ռուսների հետ»:










