Պետք է ավելի ակտիվ աշխատել Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում դեսպանություններ ստեղծելու ուղղությամբ. Ա. Նավասարդյան

13:16 • 04.03.17

ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Երևանը, նկատի ունենալով, որ  Թուրքիայի ջանքերով փորձ է արվում արցախյան հիմնախնդիրը դարձնել 2 միլիարդանոց մուսուլմանական աշխարհի օրակարգ, պետք է ավելի ակտիվ լինի Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ դեսպանատներ ստեղծելու ուղղությամբ:

«Իսլամաբադում քննարկման առարկա դարձավ Ղարաբաղյան հարցը, թուրքերը հավաքի մասնակիցներին կոչ արեցին, որպեսզի այդ հարցը դառնա երկու միլիարդանոց մուսուլմանական աշխարհի օրակարգ»,- ասաց Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով, որին  անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Արման Նավասարդյանի մեկնաբանությամբ՝ փաստորեն, արաբական աշխարհը, որի հետ մենք մեծ հույսեր ենք դրել, մեր օգտին չի աշխատում: «Դիվանագիիտական հարաբերություններ չունենք ո՛չ Պակիստանի, ո՛չ Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Իսրայելի հետ մենք դեսպանություններ չունենք, և Իսրայելը լավ հարաբերություններ է զարգացնում Բաքվի հետ»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:

Հարցին, թե Ադրբեջանի վերջին գործողությունները և Իսլամաբադում հնչած հայտարարությունը կարո՞ղ են լայնամասշտաբ պատերազմի բերել, վերջինս պատասխանեց՝ ասելով. «Ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում և միլիտարիստական ուղղությամբ, որը դիվանագիտության մեջ ընդունված բան է: Եվ դիվանագիտական բոլոր վեկտորներով նրանք աշխատում են վերին աստիճանի ակտիվ»:

Ոստի, ըստ Արման Նավասարդյանի, մենք այդ բոլորը պետք է հաշվի առնենք և կարողանանք դիմակայել դրան՝ անցնելով  ոչ միան առավել, այլ շատ ակտիվ դիվանագիտական գործողությունների:

Խոսելով այն մասին, որ ձևավորվել է սպասում ընտրությունների ժամանակ կամ հետընտրական շրջանում պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Արման Նավասարդյանը ևս կարծում է, որ ամեն վայրկյան պատերազմը հնարավոր է՝ ասելով. «25 տարի մենք փաստորեն գտնվում ենք պատերազմական վիճակի մեջ: Սա պատերազմ է, մենք չենք ուզում հայտարարել, բայց սա պատերազմ է: Թե ինչ աստիճանի, ինչ ձևի, ինչ գործողությունների հետևանքով կարող է զարգանալ, դա արդեն խնդրի մյուս կողմն է, ինչպես նաև, թե ովքեր կարող են դրա առաջն առնել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը, ըստ էության, կարողացավ կասեցնել պատերազմը, երբ Մոսկվայում ձեռք բերվեց հրադադարի պայմանագիր,  բայց արդյոք կկարողանա՞ն նորից:  Այս  հարցին ի պատասխան՝ դիվանագետն ասաց. «Չգիտեմ, Ռուսաստանը հիմա կարո՞ղ է, որովհետև նա էլ իր նպատակներն ունի և պահում է հավասարակշռված հարաբերություններ, չնայած ես կարծում եմ, որ դա մի օր կփլուզվի»:

Արման Նավասարդյանի համոզմամբ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող իրար հետ երկարաժամկետ, հեռահար հարաբերություններ զարգացնել, որովհետև մի օր , անպայման, շահերի բախում կլինի:

Պետք է ավելի ակտիվ աշխատել Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում դեսպանություններ ստեղծելու ուղղությամբ. Ա. Նավասարդյան