ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան, Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ. Իգոր Պոպով

13:49 • 06.03.17

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ այս շաբաթվա ընթացքում նրանք մյուս համանախագահների հետ միասին կայցելեն Ադրբեջան:


Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Պոպովը նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:


Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը բանակցություններ կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էլմար Մամեդյարովը գտնվում է Մոսկվայում՝ Սերգեյ Լավրովի հրավերով: