Լուկաշենկոն չի չեղարկի գործազուրկ քաղաքացիների համար հարկի սահմանման մասին հրամանագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «սոցիալական կախվածության կանխարգելման մասին» թիվ 3 հրամանագիրը չի չեղարկվի, բայց դրանով նախատեսված տուգանքները չեն գանձվի մեկ տարվա ընթացքում, հայտնում է belta.by-ն:
«Մարտի ընթացքում, եթե հարկավոր է, մենք պետք է ուղղումներ մտցնենք այդ հրամանագրում: Բայց հրամանագիրը չի չեղարկվի: Փոխանցեք նախևառաջ բոլոր պաշտոնյաներին, որ այն իրականացվելու է այն ուղղումներով, որոնց մասին ես նշեցի»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվել այդ հրամանագրի դեմ: Հրամանագրով նախատեսվում է հարկի սահմանում աշխատանքի բացակայության համար:
Որոշումից դժգոհ մարդիկ բացատրել են, որ փողոց նրանց ստիպում է դուրս գալ իշխանությունների պահանջի անհեթեթությունը՝ հարկ վճարել աշխատանքի բացակայության համար: Մայրաքաղաքի բնակիչների պակաս ակտիվությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ աշխատանք դեռ կարելի է գտնել: Մինչդեռ շրջանների քաղաքների համար գործազրկության խնդիրը շատ ավելի ակտուալ է:










