Հարվարդի ուսանողը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն ու կոչ արել ծանոթանալ պատմությանը

23:05 • 15.03.17

Հարվարդի համալսարանի ուսանող Մայքլ Հին ֆեյսբուքյան իր էջում  ներկայացրել է ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած «Խոստումը» ֆիլմը, որի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին: Երիտասարդն իր խոսքն սկսում է հայերեն «Բարև ձեզով»:

«Հիացմունքով ուզում ներկայացնել Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմով: Այն պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ ձևավորված սիրո մասին, մի մութ էջ պատմության մեջ, որի ընթացքում մեկ ու կես միլիոն հայ է սպանվել: Survival Pictures-ի նկարահանած ֆիլմի դերասանական կազմը հստակ պատկերացում է տալիս, որոնց թվում են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտ Լը Բոնը, Շորե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը», - տեսանյութում ասում է ամերիկացի ուսանողը:

Նա նաև ցուցադրել է Հայաստան կատարած այցի ժամանակ ձեռք բերած վերնաշապիկը, որի մի երեսին գրված է. «Կտրեք իմ ճյուղերը, այրեք իմ տերևները, բայց երբեք չեք կարողանա դիպչել արմատներիս»: Իսկ մյուս կողմում նռենի է պատկերված:

Երիտասարդ ամերիկացին ցուցադրել է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով մետաղադրամը, որի մյուս կողմում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Նա կոչ է արել ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանն ու դիտել ֆիլմը, որից հետո կարելի է միայն կարծիք կազմել աշխատության մասին:

 

 

 

Հարվարդի ուսանողը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն ու կոչ արել ծանոթանալ պատմությանը