Հավային առաջին նահանգն է, որտեղ դատարանը կասեցրել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը

09:02 • 16.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հաշված ժամեր առաջ Հավայի նահանգի դաշնային դատարանը փաստաթղթի գործողության կասեցման վերաբերյալ վճիռ է կայացրել:


Ինչպես հայտնում է Reuters-ը, այսպիսով՝ Հավային ԱՄՆ առաջին նահանգն է, որտեղ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 պետությունների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ 90 օրով արգելափակող հրամանագիրն օրենքի ուժ չի ունենա:


Դատավոր Դերիք Ուոթսոնի կարծիքով՝ Թրամփի միգրացիոն հրամանագիրը խտրական վերաբերմունք է դրսևորում մահմեդականների նկատմամբ, ինչն ԱՄՆ սահմանադրության կոպիտ խախտում է:


Հայտնի է, որ ԱՄՆ նախագահն արդեն արձագանքել է դատավճռին՝ նշելով, որ դա աննախադեպ դատական սխալմունք է, որը շտկելու համար ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ՝ այդ թվում նաև մինչ ԱՄՆ գերագույն դատարան:


Հիշեցնենք, որ Թրամփը համաձայնագիրը ստորագրել է մարտի 6-ին: Այն գործածության մեջ է մտնելու այսօրվանից: Հայտնի է, որ նոր փաստաթուղթը, որը փոխարինելու է գալիս ավելի վաղ՝ հունավարի 27-ին ստորագրված ու ամբողջ աշխարհում բուռն քննարկումների առիթ տված առաջին միգրացիոն համաձայնագրին, 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 պետությունների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, 120 օրով դադարեցնում է փախստականների օգնության ծրագրի աշխատանքը, ինչպես նաև անորոշ ժամանակով դադարեցնում է սիրիացի փախստականների ընդունման գործընթացը: