Ջավախքը ՀՎԿ-ի ծրագրում չկա, դիրքորոշումներում կա, իսկ 30 կետում Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներն են. Հեղինե Բիշարյան

22:51 • 17.03.17

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական 30 կետերում Ջավախքը չկա, սակայն այդ հարցում կուսակցությունն իր դիրքորոշումն ունի:

Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը,պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ջավախքը կուսակցության ծրագրում ներառված չէ:

«Մենք կուսակցության ծրագիրը շրջանառում ենք 30 կետով, ունենք նաև ծավալուն ծրագիր, որտեղ, վստահ եմ, Ջավախքին վերաբերող կետ կլինի:  Հանրության համար առավել մատչելի լինելու համար ՀՎԿ-ն իր 30 կետերում ներառել է Հայաստանի ներքին լրջագույն խնդիրներն ու արտաքին մարտահրավերները, դրա համար Ջավախքին վերաբերող կետ չկա, բայց մեր ծրագրերում Ջավախքն իր տեղն ու դերն ունի»,-ասաց Բիշարյանը, հավելելով, որ որպես քաղաքական ուժ այդ խնդիրներին չեն կարող չանդրադառնալ:

Բիշարյանը հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հայ համայնքը Վրաստանում ավելի հզոր, կազմակերպված և ներկայանալի լինի.«Ինչպես ԼՂՀ-ի հարցում ենք աջակցում, այնպես էլ  Ջավախքում պետք է ուշադիր լինենք, որ խնդիրներ չծագեն և առկա խնդիրները լուծվեն: Սա ակնհայտ պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն որպես քաղաքական ուժի, այլ նաև   որպես ՀՀ քաղաքացու»:

Նշենք, որ  «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում Վրաստանին վերաբերող կետերը վերաբերում էն միայն Հայստանի տնտեսական շահին: Կուսակցությունն առաջարկում է  հզորացնել Հայաստան-Իրան-Վրաստան- Ռուսաստան էներգետիկ հանգույցը: