Մեծ հույսեր ունեմ, որ մեկ տարվա ընթացքում կկտրենք Կապանի օդանավակայանի ժապավենը. Վահե Հակոբյան

21:41 • 22.03.17

Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրենք»,- նշեց նա: Հակոբյանը նաև խոսել է օդանավակայանի վերագործարկման ներդրումների և դրա նշանակության մասին:

– Պարո՛ն Հակոբյան, վերջերս դուք հայտարարել էիք, որ Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններ են սկսվել: Ի՞նչ փուլում են այժմ այդ ուսումնասիրությունները։

– Այո, մենք ավիացիայի գլխավոր վարչության մասնագետների հետ համատեղ ուսումնասիրություններ էինք անում և արդեն ավարտել ենք: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ հասկանայինք, թե թռիչքուղին ինչ վիճակում է գտնվում։ Այն երկար տարիներ չէր շահագործվել, բայց, փառք Աստծո, թռիչքուղին գտնվում է բավականին բարվոք վիճակում։ Կան լոկալ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կկատարենք և այն կբերենք նոր, շատ լավ վիճակի։ Ե՛վ իմ կողմից, և՛ Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի, և՛ ամենակարևորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կողմից արդեն իսկ որոշում է կայացվել վերականգնել Կապանի օդանավակայանը։

–Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ օդանավակայանի վերականգնման համար։

–Ես մոտավոր թիվ կարող եմ ասել, բայց այն իրականությանը շատ մոտ է: Շուրջ 2 մլն դոլար է անհրաժեշտ։

-Նախկինում ևս մարզպետի մակարդակով հայտարարվել է, որ աշխատանքներ են տարվում Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ, որքանո՞վ է հնարավոր, որ այս անգամ ծրագիրն իրականություն կդառնա:

–Ես չգիտեմ նախկին մարզպետներն ինչ են ասել, ինչ են արել, բայց մինչև այսօր ոչինչ արված չի եղել։ Մենք արդեն իսկ սկսել ենք շինարարական աշխատանքներ կատարել օդանավակայանում։ Ինչ վերաբերում է հավանականությանը, ես մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում արդեն ժապավենը կկտրենք։

Միայն մի խնդիր կա. մենք, ցավոք, չենք կարող ռեակտիվ ավիացիա օգտագործել: Ռեակտիվ ինքնաթիռը մեծ շրջան պետք է կատարի վայրէջքի համար, որով մտնելու է և՛ ազատագրված տարածք, և՛ մասամբ մեր ոչ բարով հարևանի տարածք: Դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Այդ իսկ պատճառով մենք օգտագործելու ենք տուրբոպտուտակային շարժիչով, բայց ժամանակակից ինքնաթիռներ, որոնք վայրէջքի համար խնդիր չունեն մեծ մանևրումներ անելու:

-Ի՞նչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ օդանավակայանի վերագործարկումը։ Կարո՞ղ է այն ինչ-որ չափով փոխարինել Արցախի օդանավակայանին:

–Այո, այն մասամբ կարող է փոխարինել Արցախի օդանավակայանին, բայց ամենակարևորն անձամբ իմ և մեր գործընկերների համար այն է, որ օդանավակայանի շահագործումը մեծ աշխուժություն կբերի մարզ և մարզկենտրոն։ Նաև ներդրողների, բիզնեսմենների հոսք կլինի, որոնք այսօր խուսափում են 4–5 ժամ մեքենայով երկար ճանապարհ անցնել։ Իսկ եթե իրենք իմանան, որ 40 րոպեում կհասնեն մարզկենտրոն, համոզված եմ, որ դա մեծ ակտիվություն կբերի մարզ։ Բացի դրանից՝ գիտեք, որ մարզը ֆուտբոլային ակումբ ունի՝ «Գանձասար Կապանը»: Մեր թիմն այս տարի հավակնում է և՛ չեմպիոնության, և՛ Հայաստանի գավաթի հաղթողի կոչմանը, և, անպայման, այս տարի միջազգային մրցաշարերին կմասնակցի: Մեր գերնպատակն է այդ մրցաշարի խաղերը կազմակերպել Կապանում:

Ճիշտ է, այսօր ՈւԵՖԱ–ի կողմից որակազրկված է մարզադաշտը, բայց մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք նաև այդ մարզադաշտը համայնքին վերադարձնելու համար: Այն հիմա մասամբ գտնվում է անհատի ձեռքում, որը չի կատարում որևէ աշխատանք, ինչի հետևանքով մարզադաշտն անմխիթար վիճակում է: Մենք այժմ կատարում ենք ՈւԵՖԱ-ի պայմանները, որ մարզադաշտը համապատասխանեցնենք ստանդարտներին: