Լոնդոնյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի. կա առնվազն 40 վիրավոր (թարմացում, լուսանկարներ տեսանյութեր)

23:00 • 22.03.17
Լոնդոնյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի. կա առնվազն 40 վիրավոր (թարմացում, լուսանկարներ տեսանյութեր)

Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 40 մարդ վիրավոր է: Սքոթլենդ Յարդի կարծիքով` հարձակում իրականացնողը միայնակ է գործել:

Բրիտանացի խորհրդականները լուսանկարներ են հրապարակել թվիթերյան էջերում` հայտնելով, որ դեռևս արգելափակված են շենքի ներսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է մարդկանց տարհանել կառավարության շենքից, որի մոտակայքում կրակոցներ էին հնչել:

Վեստմինստերյան կամուրջի վրա մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող վիրավորվել:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

 

 

 

05:59

Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Նյու Յորքի քաղաքային իշխանությունները զինված պահակախումբ են նշանակել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:


Նշվում է, որ հյուպատոսության շենքի շուրջ գտնվում է չորս ոստիկանական մեքենա, իսկ մուտքի մոտ հսկում են հատուկ անվտանգության ծառայության աշխատակիցներ:

____________________

 

04:57

Շոտլանդիայի խորհրդարանն անմիջապես դադարեցրել է երկրի անկախության հերթական հանրաքվեի մասին քննարկումները՝ կապված Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Առայժմ հայտնի չէ, արդյոք վաղը կամ հետագայում կշարունակվեն այդ թեմայով բանավեճերը, թե ոչ:

____________________

 

03:51

Մեծ Բրիտանիայի Ելիզաբեթ Երկրորդ թագուհին Բուքինգհեմյան պալատում էր գտնվում Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Իսկ պալատը հարձակման դեպքի վայրին շատ մոտ է գտնվում, գրում են բրիտանական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնի է, թագուհու ներկայության մասին է վկայում այդ պահին պալատի վրա կախված թագավորական դրոշը:

____________________

 

 

02:39

Բրիտանական արժեքները, ժողովրդավարությունը և ազատությունը ահաբեկչությամբ հաղթել չի հաջողվի, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Մեյը կատարվածը կոչել է «նողկալի ահաբեկչություն»։


Սակայն Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Վարչապետն ասել է, որ մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի իր սովորական ռեժիմով։


Թերեզա Մեյը շատ բարձր է գնահատել Վեսթմիսթերում կատարվածի ժամանակ ոստիկանության և հատուկ ծառայությունների «խիզախությունն ու արիությունը»:

____________________

 

01:47

Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած տղամարդն արմատական իսլամի քարոզիչ Տրեվոր Բրուքսն է եղել, ով հայտնի է Աբու Իսադին անվամբ։


Սակայն BBC-ի լրագրող Դոմենիկ Կասչիանին, հղվելով տարաբնույթ աղբյուրների, վստահեցնում է, որ Տրեվորը դեռևս բանտում է գտնվում:


Նշենք, որ 2008-ին Տրեվոր Բրուքսն ու Սեյմոն Քիլերը 4 տարվա ազատազրկման էին ենթարկվել ահաբեկիչների համար դրամահավաքի և Իրաքում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինուժի դեմ պայքար հրահրելու համար։

____________________

 

01:23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ ի նշան հարգանքի Վեսթմիսթերի ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է BBC-ն։


Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ գրված է, որ վարչապետին անընդհատ զեկուցում են իրավիճակի զարգացման մասին, և որ Մեյի բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր զոհվել ու տուժել են հարձակման հետևանքով։

____________________

 

22։11 

Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Անհայտ անձը Hyundai i40 մակնիշի մեքենան վարել է մարդկանց ուղղությամբ, այնուհետև դանակահարել ոստիկանին, որից հետո ոստիկանները նրան վնասազերծել են:


Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, բժիշկները տեղում փորձել են փրկել ահաբեկչի և նրա զոհերից մեկի կյանքը, սակայն ապարդյուն: Ականատեսների խոսքով` հարձակվողը փորձել է մոտենալ Վեստմինստերյան պալատին: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:


 

____________________

20։45

Սքոթլեն Յարդը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցածը դիտարկում է որպես «ահաբեկչական գործողություն», քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

 

Այս մասին հաղորդում է BBC-ն`հայտնելով, որ խորհրդարանի շենքի մոտ է ժամանել սակրավորների խումբը: Քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ հնչած կրակոցներից բացի միջադեպ է տեղի ունեցել նաև Վեստմինտերյան կամրջի վրա, որտեղ մեքենան ընթացել է մարդկանց վրա:

 

Ականատեսների խոսքով` վրաերթի հետևանքով 5 մարդ է տուժել, մեկ մարդ մահացել է: Բժիշկների խոսքով` մի քանիսի վիճակը ծանր է: Մեքենան ընթացել է մինչև պալատի մոտ, որտեղ այն կանգնեցրել են ոստիկանները: Մեքենայի վարորդը դանակով վնասվածք է հասցրել ոստիկանին, որից հետո նրա ուղղությամբ կրակ է բացվել:

 

Հարձակումն իրականացնողների հստակ թիվը դեռ պարզ չէ: Կրակոցներից հրազենային վնասված է ստացել տասնյակից ավելի մարդ: Միջադեպի հետևանքով նաև զբոսաշրջիկներ են տուժել:

__________________

19։58

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տարհանվել է երկրի խորհրդարանի տարածքից, որի մոտակայքում քիչ առաջ կրակոցներ են հնչել:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Մեյը` ութ զինված ոստիկանով շրջապատված, դուրս է եկել շենքից և նստել իր համար նախատեսված սև ավտոմքենան: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ շենքի մոտ կրկին կրակոցների ձայներ են հնչել:

___________________

Կրակոցներ են հնչել Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով խորհրդարանի աղբյուրին, կառավարության շենքը ցանկապատվել է, իսկ մուտքը փակ է: Նշվում է, որ խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները Համայնքների պալատում:

Գործակալության տվյալներով` միջադեպի հետևանքով 2-12 մարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության ուղղաթիռը: Խորհրդարանի բակում բուժօգնություն է ցուցադվում վիրավորներին:

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը: Դեռ պարզ չէ, թե ով է կրակ բացել: