«Իգլա»-ի Հայաստան տեղափոխման գործով կապի մեջ ենք հայ գործընկերների հետ, քննություն է ընթանում. Վրաստանի ՆԳ նախարար
Հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Վրացական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ վրացի նախարարը, մասնավորապես, նշել է. «Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից: Այս պահին քննվում են մանրամասները: Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ և հանրությանը կհայտնենք քննության արդյունքների մասին»։
Ինչպես Tert.am-ն ավելի վաղ հայտնել է, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:
Այս մասին հայտնԵլ էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։










