Տնօրենների հետ խոսակցության ձայնագրությունները պետք է լսել, յուրաքանչյուրը մեկ ինքնուրույն փաստական հանգամանք է. Մուկուչյան (տեսանյութ)

14:14 • 25.03.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրում է երեկ «Իրազեկ քաղաքացիներ» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից հրապարակած ձայնագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ խոստովանում են աշխատակիցներին ցուցակագրելու հանգամանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա ընթանում են ուսումնասիրություններ: Այդ ամբողջը պետք է լսել, յուրաքանչյուրն իրենց ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք, արդյունքում մեր դիրքորոշումների վերաբերյալ կիրազեկենք ձեզ»,- ասաց նա:

Խոսելով «ԵԼՔ» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի մասին, ըստ որի, վերջինս պահանջում է պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն անվավեր ճանաչել, Մուկուչյանն ասաց, որ դիմումը քննարկվելու է այսօր: «Կքննարկենք, որոշումը կլինի՝ կիմանաք»,- ավելացրեց ԿԸՀ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նշված ձայնագրությունների զգալի մասի ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ ԸՕ խախտում։