ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ (լուսանկար)

10:24 • 25.03.17

ԱՄՆ Ջորջիա նահանգում թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ: Վթարի հետևանքով մահացել է ինքնաթիռի օդաչուն: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբ Քաունթի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 2,5 կիլոմետր հեռավորության վրա:

Հարևանների խոսքով` տվյալ տանն ապրող ընտանիքը միջադեպի պահին եղել է եկեղեցում:

«Վերև նայեցի և ինքնաթիռ տեսա: Ոչ մի բան չլսեցի, սկզբում ուղղակի պտույտ իրականացնող ինքնաթիռ տեսա: Բոլորս փակեցինք մեր ականջները, որովհետև մտածեցինք` աղմուկը շատ ուժեղ կլինի», - պատմել է վթարի ականատեսներից մեկը:

«Տեսա` ինչպես են մեր հարևանները նայում երկնքին, այնուհետև նկատեցի ինքնաթիռը. այն իսկապես դանդաղ էր ներքև իջնում, նույնիսկ շարժիչի ձայնը չէր լսվում», - ասել է մեկ այլ ականատես: