Հասկանալով թուրքական սպառնալիքը` յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը. Huffington Post-ի անդրադարձը
Օրեր առաջ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի` ԱՄՆ Կոնգրեսի շենքում կայացած փակ ցուցադրութունից հետո Huffington Post պարբերականն անդրադարձել է ֆիլմում արտացոլված պատմությանը` կոչ անելով ամերիկացիներին անպայման դիտել այն, որի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին:
Հոդվածի հեղինակները ներկայացնում են ֆիլմում նկարագրված սիրո հերոսական պատմության ֆոնին տեղի ունեցած ողբերգությունը` 1915-1923 թթ.-ի ջարդերը, որին միլիոն ու կես հայ է զոհ գնացել:
«Հասկանալով թուրքական սպառնալիքը` ինչպես պայքարել ժխտողականության դեմ», - գրում հոդվածագիրն ու ընդգծում վերջին տարիներին Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների պայքարը`ներկայում Միջին Արևելքում իսլամիստների իրականացրած կոտորածների դեմ: Հեղինակն ուշադրություն է հրավիրում նաև ամերիկացիների մղած պայքարին ինչպես օրինակ` Վիետնամական պատերազմում:
«Ի նշան համերաշխության բոլոր ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության զոհերին, ինչպես նաև հանուն մարդու հիմնարար իրավունքների ու արժանապատվության պաշտպանության` յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը: Որքան շատ մարդիկ դիտեն Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը, այնքան շատ մարդիկ կտեղեկանան 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգության մասին», - եզրափակում է հեղինակը:










