Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք դեռ չունենք տեղեկություն, որ մոտ ժամանակներս նախատեսվում է նման հանդիպում»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը վերաբերող հարցին, թե արդյոք Մոսկվայում պատրաստվում է նման հանդիպում:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:










