Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի հարցը, ապա դա կանենք մենք. Թրամփ

12:35 • 03.04.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր Financial Times հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է Հյուսիսային Կորեային՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ հակահարված տալ այդ երկրի միջուկային սպառնալիքներին, եթե Չինաստանը համապատասխան ճնշում չգործադրի Փհենյանի վրա:


«Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի հարցը, ապա դա կանենք մենք: Սա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,-նշել է Թրամփը՝ հավելելով, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի Փհենյանի վրա:


Թրամփի խոսքով՝ Չինաստանը պետք է վերջնական որոշում կայացնի Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ-ին աջակցելու կամ չաջակցելու վերաբերյալ:


Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օրից Թրամփն ԱՄՆ-ում հանդիպելու է Չինաստանի նախագահին ու նրա հետ քննարկելու է տվյալ հարցը:


Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:


Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: