Հայտնի է դարձել Մերձմոսկովյան շրջանում «Մերսեդեսի» բեռնախցում մահացած հայտնաբերված հայերի ինքնությունը
Հայտնի են դարձել ՌԴ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Իրավապահների վարկածով՝ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են, գրում է «Московский Комсомолец»-ը:
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, փողոցներից մեկում կայանված ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ ավտոմեքենան երկար ժամանակ կանգնած է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է կանչել: Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան: Բեռնախցիկում նրանք տղամարդու երկու մարմին են գտել: Փորձագետները եկել են եզրակացության, որ սպանությունից առաջ նրանց խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:
Քննիչները վարկած են առաջ քաշել, որ դա եղել է պատվիրված սպանություն, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, ապա՝ գլխին:
Ինչպես «МК»-ին պատմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային քննչական գլխավոր վարչության ղեկավարի օգնական Ելենա Ֆոկինան, հարուցվել է քրեական գործ՝ «սպանության» և «զենքի ապօրինի շրջանառության» մասին հոդվածներով:











