Պուտինն «ագրեսիա» է որակել Սիրիայի տարածքում ԱՄՆ հարվածները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, նշել է, որ տեղի ունեցածն «ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում»:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ՌԴ նախագահի խոսքը լրագրողներին է փոխանցել նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Խոսնակի փոխանցմամբ՝ սիրիական բանակն իրականում «քիմիական զենքի պաշար չունի»: Պեսկովը հիշեցրել է, որ Սիրիայի կառավարական ուժերի ունեցած քիմիական զենքի ամբողջ պաշարի ոչնչացումն արձանագրվել ու հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:
«Միևնույն ժամանակ, Պուտինի կարծիքով, ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի լրիվ անտեսումն էապես վատթարացնում է իրավիճակը»,-ընդգծել է Պեսկովը:
Պուտինը ենթադրում է, որ Սիրիայի տարածքում իրականացված հրթիռակոծության միջոցով ԱՄՆ-ն փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն Իրաքում խաղաղ բնակչության շրջանում գրանցված մեծաքանակ զոհերից:
Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի քայլն էական վնաս կհասցնի առանց այդ էլ շատ վատ վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններին:
«Եվ ամենակարևորը՝ Պուտինը գտնում է, որ այս քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտ է առաջացնում այդ պայքարի ճանապարհին»,-ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացրել էր ռուսական կողմին սիրիական ավիաբազային հարվածելու մասին: Նա մանրամասնել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:










