Ստոկհոլմում ամբոխի մեջ մխրճված բեռնատարում պայթուցիկով լի պայուսակ են գտել. լրատվամիջոցներ

12:49 • 08.04.17

Ստոկհոլմում ամբոխի մեջ մխրճված բեռնատարի զննության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները պայթուցիկով լի պայուսակ են գտել, հայտնում է gazeta.ru-ն՝ շվեդական SVT-ին հղումով։


Պայթուցիկի տեսակի և դրա ծագման մասին տվյալներ դեռ չկան։


Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ստոկհոլմի կենտրոնում ապրիլի 7-ին ամբոխի վրա բեռնատարն ուղղելուց հետո ձերբակալված անձին ահաբեկչական ակտ իրականացնելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել։


«Ինչպես ես եմ հասկանում՝ մարդը, ում մեղադրանք է ներկայացվել, ամենայն հավանականությամբ, բեռնատարի վարորդն է եղել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։


Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հարձակման համար կասկածվող անձն Ուզբեկստանի քաղաքացի է։


Ավելի վաղ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում ամբոխի մեջ բեռնատարով մխրճվելու համար կասկածվող անձի, ավելի ուշ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։