Սարի թաղի գործով կալանավորվածը 10 օր է` հացադուլ է հայտարարել.նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

11:58 • 14.04.17

Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Հրաչյա Բոյաջյանն արդեն տասն օր հացադուլ է հայտարարել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Զալյանը:

«Արդեն տասն օր է՝ Հրաչյա Բոյաջյանը հացադուլ է հայտարարել: Նա իր բողոքն է հայտնում իրեն առաջադրված մեղադրանքի դեմ և չի ընդունում այն: Հրաչյա Բոյաջյանը դեմ է, որ ընդհանուր մեղադրանք է ներկայացվել և ոչ թե անհատական, ինչը նաև Քրեադատավարական օրենսգրքին հակասում է»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե որտեղ է գտնվում իր պաշտպանյալը, Արայիկ Զալյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակված առաջին հարկում. «Դիտորդական խմբի պահանջով այդ հարկը փակվել էր, որովհետև անմարդկային պայմաններ են, սակայն այժմ այն դարձրել են հացադուլ հայտարարողների պահման վայր»:

Բացի այդ, պաշտպանն ասաց, որ Հրաչյա Բոյաջյանն առողջական խնդիրների ունի՝ շաքարային դիաբետ, իսկ քրեակատարողական հիմնարկում բուժսպասարկում չկա, բացի ճնշում չափելուց:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: