Ավստրալիան կխստացնի օտարերկրացիներին աշխատանքային վիզայի տրամադրման կանոնները

15:39 • 18.04.17

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են օտարերկրացիների համար աշխատանքային վիզայի տրամադրման կանոնների խստացման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես հայտնել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, դա արվում է նրա համար, որ գործատուներն աշխատանքի ընդունեն ավելի շատ Ավստրալիայի քաղաքացիների:


Նշվում է, որ սահմանափակումները կվերաբերեն թիվ 457 աշխատանքային վիզայի տրամադրման կանոններին: Այն, որպես կանոն, օգտագործվել է ռեստորանային բիզնեսում, բժշկական և համակարգչային ընկերություններում աշխատակիցների ընդունման համար:


Հիմնականում այդ վիզայով Ավստրալիա էին մեկնում Հնդկաստանի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:


Երկրի կառավարությունը պատրաստվում է այդ վիզայի փոխարեն գործի դնել վիզայի երկու նոր կատեգորիա՝ ընտրության ավելի խիստ չափանիշներով և թույլատրելի մասնագիտությունների ավելի փոքր ցանկով: