Հուսով եմ, որ կկարողանամ մի օր այցելել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Ֆրանսիայի նախագահի թեկնածու
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկն է, տրավմա ամբողջ մարդկության և իհարկե, մասնավորապես, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետևաբար՝ Ֆրանսիայի համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը՝ պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին:
Ամոնը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում շարունակել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, որպեսզի այդ ցեղասպանությունը երբեք չմոռացվի:
«Ես նաև հույս ունեմ, որ կկարողանամ մի օր այցելել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասել է նա:
Ամոնը նշել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ, որին ինքը նույնպես ներկա է եղել, Ֆրանսուա Օլանդն առաջարկել է հանրապետության օրացույցում բոլոր ցեղասպանությունների, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների հիշատակման ազգային օր գրանցել: «Ես լիովին աջակցում եմ այս գաղափարին: Հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում ես կշարունակեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը»,- ասել է Ամոնը:
Նախագահի թեկնածուն նշել է, որ հիացմունքով է վերաբերում Ֆրանսիայի հայկական համայնքին, քանի որ այն օրինակելի ինտեգրման մոդել է: «Հայկական ծագմամբ ֆրանսիացիները շատ բան են տվել Ֆրանսիային՝ տարբեր ոլորտներում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարվող պայքարին, ապա նախագահի թեկնածուն ասել է, որ այն ջանքերը, որ ներդնում են ոչ միայն հայկական ծագմամբ ֆրանսիացիները, այլև այլ ծագումով շատ քաղաքացիներ, հիացմունք են առաջացնում և լեգիտիմ են: «Եթե Ֆրանսիան եղել է 2001 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկրներից մեկը, ես նաև գիտակցում եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, հարկավոր է ավելի հեռուն գնալ»,- ասել է Ամոնը:
Նա հավելել է նաև, որ եթե անգամ ցեղասպանության հանցագործությունը ժխտելու քրեականացումը թույլ տալու իրավական ուղիները խոչընդոտների են բախվել, պետք չէ հանձնվել:
«Այդ հիշողությունը կենդանի պահելու բազմաթիվ ճանապարներ կան, որպեսզի անցյալում տեղի ունեցած զանգվածային հանցագործությունները երբեք չկրկնվեն: Այդ պատճառով է, որ ես, օրինակ, կողմ եմ, ինչպես արդեն ասացի, հանրապետության օրացույցում զանգվածային հանցագործությունների հիշատակման ազգային օր գրանցելուն»,- ասել է Ամոնը:










