Վերաքննիչ դատարանը Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հարցի մասին որոշումը կհրապարակի վաղը

18:32 • 20.04.17

Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ քննել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը, իսկ որոշումը կհրապարակի ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Դատական նիստին ներկա էր նաև Սամվել Բաբայանը: Նա գտնում է, որ իր կալանավորումն անհիմն է և խնդրեց, որպեսզի խափանման միջոց կալանավորումը վերացվի: Դատախազն ու քննիչն առարկեցին ընդամենը և ասացին, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է ու հիմնավոր»,-ասաց Քալաշյանը:

Պաշտպանը հավելեց, որ իր կողմից ներկայացված հակափաստարկների վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չի ներկայացվել:

Պաշտպանը հայտնեց, որ դատարանում Սամվել Բաբայանը քաղաքական հայտարարություններ չի արել, իսկ ինքն այս պահի դրությամբ Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում. «Ես նայում եմ իրավական հարթության մեջ, ես դեռևս հիմք չունեմ այս հարցին քաղաքական որակում տալու»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: