«Պատիվ ունեմ», «Ես եմ». Պաշտպանության նախարարությունը երկու նոր ծրագիր է ներկայացնում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող երկու նոր նախագիծ ներկայացնել։
Այդ մասին նա ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այսօր շատ քննարկվող խնդիր է ամբողջ աշխարհում, մեր խնդիրները շատ տարբեր են՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, մարտահրավերները, հաշվի առնելով, որ համայնքներ ունենք, որտեղ մարդիկ սահմանապահի սկզբունքով կանգնած են հայրենիքի պաշտպանության գործի համար»,-ասաց նա և կարևորեց, թե ինչպես կկազմակերպեն աշխատանքը ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, և այս համաժողովը այդ ուղղությամբ առաջին քայլը համարեց:
Ըստ նախարարի՝ ապագա տեսլականը պետք է կառուցել պատմության լավ իմացությամբ, հետևողական աշխատանք իրականացնելով, ինչը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրմամբ:
Նախարարը հայտնեց, որ նախատեսել են երկու նոր ծրագիր, և այս համաժողովն էլ համարում են հանրային քննարկման շրջափուլ: «Առաջին ծրագիրը պայմանական կոչվում է «Պատիվ ունեմ», որն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն: Գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ և պետական հավատարմագրում ունեցող բուհում սովորող յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել այդ ծրագրին»,-ասաց նա և պարզաբանեց, որ այն ենթադրում է բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն քաղաքացիներն, ովքեր որոշել են երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ:
Այս ծրագիրը քաղաքացիական բուհում սովորող երիտասարդներին հնարավորություն է տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելել զինվորական պատրաստության դասընթացի, և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանալ լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:
Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` առաջնագծի զորամասերում։ Այս ծրագրով ծառայող քաղաքացիները նաև ստանալու են ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձ, իսկ ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով:
Երկրորդ ծրագիր մասին, որը կոչվում է «Ես եմ». այն կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը: «Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայություն իրականացրել մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային»,-ասաց նա և նշեց, որ ծառայությունը կտևի երեք տարի:
Համաձայն այս ծրագրի՝ ժամկետային-պայմանագրային զինծառայությունն ընտրած նորակոչիկների հաշվին ծառայության ավարտին՝ 3 տարի անց, կփոխանցվի 5 մլն դրամ, որը նրանք կկարողանան օգտագործել բնակարան ձեռք բերելու, փոքր ֆերմա ստեղծելու կամ ուսման վարձը վճարելու համար։
Նախարարը վերջում խնդանք-հանձնարարություն ներկայացրեց, ասելով, որ շրջանավարտ տվող յուրաքանչյուր դպրոցից առնվազն մեկ դիմորդ պետք է ուսումը շարունակի ռազմական կրթական հաստատությունում:










