Վենեսուելայում ընդդիմությունը վերսկսել է ցույցերը (լուսանկարներ)
Վենեսուելայի ընդդիմությունը հինգշաբթի վերսկսել է համազգային բողոքի ցույցերը՝ շարունակելով ճնշում գործադրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։ Նրանք պահանջում են ընտրություններ անցկացնել և կործանվող տնտեսությունը վերականգնել, հայտնում է Reuters գործակալությունը: Ընդդիմությունը խոստացել է շարունակել ճնշումը՝ կազմակերպելով ևս երեք ցույց հաջորդ չորս օրերի ընթացքում:
Հինգշաբթի փողոց ավելի քիչ մարդ է դուրս եկել՝ չորեքշաբթի օրը Կարակասի և այլ քաղաքների փողոցները հեղեղած հարյուր հազարավոր մարդկանց համեմատ: Չորեքշաբթի տեղի ունեցած ցույցն ամենամեծն էր Մադուրոյի դեմ մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի թվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած բախումների հետևանքով երեք զոհ է գրանցվել:
Այնուամենայնիվ, հինգշաբթի հազարավոր մարդիկ վենեսուելական դրոշներով և «Ո՛չ բռնապետությանը» կոչերով դուրս են եկել փողոց: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Ընդդիմության ղեկավարությունը կոչ է արել շարունակել ցույցերն ուրբաթ օրը, շաբաթ օրն անցկացնել «լուռ» երթ Կարակասում՝ ի հիշատակ այս ամիս խռովությունների ընթացքում զոհված ութ հոգու, իսկ երկուշաբթի օրը՝ համազգային նստացույց՝ փակելով Վենեսուելայի հիմնական ճանապարհները:










































