Այնքան հիասթափված եմ, որ ԱՄՆ-ն ինչպես հարկն է չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկացի կոնգրեսականը կոչ է հղել

12:37 • 22.04.17

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին դիմել է Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պաշտոնապես ճանաչելու կոչով:

Դեմոկրատ կոնգրեսականը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, իր պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում նշել է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ հապաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Այնքան հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ երկրի նախագահն ինչպես հարկն է չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին գործողությունն է ու դեպի հաջորդ ցեղասպանություն տանող առաջին քայլը: Մեր պարտքն է հարգել այդ սարսափելի դեպքին զոհ գնացածների հիշատակն ու պատվել նրանց ապրող հետնորդներին՝ երաշխավորելով, որ ապագայում նման բան չի կրկնվի»,-նշել է պաշտոնյան: