Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան. ԱՆ փոխնախարար
ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
« ՀՀ քաղաքացի հանդիսացող Հրաչյա Հարությունյանի տեղափոխության ուղղությամբ ՀՀ իշխանություններն ու Արդարադատության նախարարությունը հետևողական աշխատանք են կատարել: Նրան Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների խոչընդոտն այլևս չկա: Նա կփոխանցվի Հայաստան»,-ասաց փոխնախարարը:
Քոչարյանը նշեց, որ դատապարտյալի տեղափոխության համար արգելք էր հանդիսանում ֆինանսական փոխհատուցման պահանջի չիրականացումը:
Հարցին, թե երբ կտեղափոխվի Հայաստան, Վիգեն Քոչարյանն ասաց.«Այս պահի դրությամբ հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ»:
Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկյան դատարանը ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:
Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (Կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:










