Նա թագուհու պես գրավում է բեմը. wiwibloggs.com-ն Արծվիկ Հարությունյանի եվրատեսիլյան առաջին փորձի մասին (տեսանյութ)

10:13 • 02.05.17

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանն իր առաջին փորձն է արել՝ հնարավորություն ընձեռելով պատկերացում կազմել բուն շոուի ժամանակ ցուցադրվելիք համարի մասին:

Ինչպես նշում է wiwibloggs.com կայքը, Հայաստանի պատվիրակի ելույթի ժամանակ բեմում գերակշռել է «հզորությունն ու թագավորականությունը խորհրդանշող մուգ մանուշակագույնը»: Աղբյուրը նկատում է, որ բեմադրված շոուն որոշակի նմանություն ունի անցած տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանի համարի հետ:

«Արծվիկը թագուհու պես գրավում է բեմը՝ ուղղորդելով բեք վոկալի 2 երգիչներին: Եռյակը ներկայացնում է պարզ, սակայն տպավորիչ պար: Շոուի ամենատպավորիչ պահերից մեկն այն է, երբ նրանք կատարյալ ձևով կրկնօրինակում են հնդկական աստվածներից մեկին: Երկրպագուներն այս պահն արդեն բոլիվուդյան նորաձև պար են կոչել»,-գրում է wiwibloggs.com-ը:

Աղբյուրը նկատում է, որ LED լուսավորումը, հնարամիտ տեխնիկական լուծումներն ու ծուխն առավել ամբողջական են դարձրել հայուհու համարը:

«Մինչ համարը մոտենում է ավարտին, ծուխը ցրվում է, ու գործի է դրվում պիրոտեխնիկան: Արծվիկն արծվի պես լայն բացում է թևերն ու համակարգչային գրաֆիկայի միջամտության շնորհիվ թվում որպես վեր հառնող ահռելի թռչուն: Սա իսկական արվեստ է»,- եզրափակում է wiwibloggs.com-ը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:

 

Նա թագուհու պես գրավում է բեմը. wiwibloggs.com-ն Արծվիկ Հարությունյանի եվրատեսիլյան առաջին փորձի մասին (տեսանյութ)