Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել մի երկրի կողմից. Իրանի ԱԳՆ խոսնակ
Երկու կարևոր գործոն կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ժամանակը և հակամարտող կողմերի լրջությունը: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ պատասխանելով հակամարտությունում և դրա կարգավորմանն ուղղված ջանքերում Ռուսաստանի դերի մասին հարցին:
Ղասեմին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման տարածքային հակամարտությունները չեն կարող լուծվել մեկ գործոն հաշվի առնելով:
«Խաղաղ կարգավորման հարցում տարբեր գործոններ կան, որոնք իրենց դերն են խաղում: Դրանք բոլորը հարկավոր է հաշվի առնել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: Հետևաբար, ես կարծում եմ, որ սխալ է կարծել, թե ճգնաժամը կարող է լուծվել մի անձի կամ երկրի կողմից: Հակամարտության կարգավորումը բոլոր գործոնները հաշվի առնելու միջոցով է, որոնք իրենց դերն ունեն հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ղասեմին:
«Այս հարցին հարկավոր է լուրջ մոտենալ: Ղարաբաղյան ճգնաժամը չի կարող կարգավորվել առանց հաշվի առնելու ժողովուրդների դերը, ինչն առանցքային կլինի հակամարտության կարգավորման համար»,- հավելել է նա:










