Տեղի ունեցածն անհարգալից վերաբերմունք  է մեր նկատմամբ, ԲՀԿ-ում պառակտում կա. Սերգեյ Բագրատյան

17:03 • 03.05.17

Տեղի ունեցածն անհարգալից վերաբերմունք  է մեր նկատմամբ, եթե օրինականությունը հաղթի, կմնամ պատգամավոր: ԿԸՀ-ում լրագրողների հետ զրուցում  ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Բագրատյանը:

Նա վստահեցրեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել, ավելի վաղ , ընտրություններից առաջ դիմում են  գրել ընտրություններին իրենց մասնակցությունը  չեղարկելու համար, սակայն ի վերջո դիմումը  համապատասխան մարմին չեն  ուղարկել, հիմա սույն  դիմումն  ուժը կորցրած է  համարվում:

«Դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»,-շեշտեց նա:

Անդրադառնալով  հարցին, թե տեղի ունեցածից հետո խոսե՞լ է  Գագիկ Ծառուկյանի հետ, Բագրատյանը պատասխանեց. «Մեզ հետ չեն խոսել, մենք էլ իրավունք ենք վերապահել՝ մենք էլ չխոսենք»: ԲՀԿ-ն լքելու մասին հարցին Բագրատյանը պատասխանեց, թե դեռ որոշում չունի: Որոշում չունի նաև պատգամավոր ընտրվելու դեպքում խմբակցությունը լքելու հարցի վերաբերյալ:

Ըստ նրա, եթե այս իրավիճակը արդարացի չլուծվի,  կնշանակի, որ  ԲՀԿ-ում պառակտման գործընթաց է: