Mercedes-Benz-ն ավտոմեքենաների շարք է թողարկել «Աստղային պատերազմների» 40-ամյակի պատվին (լուսանկարներ)

13:33 • 04.05.17

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը թողարկել է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարքը, որը նվիրված է ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագայի 40-ամյակին: Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը:

Նշվում է, որ ավտոմեքենաները կներկայացվեն միայն ճապոնական շուկայում:

Աղբյուրը մանրամասնում է, որ շարքում կլինի ընդամենը 120 ավտոմեքենա, որոնք երկու գույնի կլինեն. սպիտակ՝ ուժի բաց կողմն ընտրողների համար, և սև՝ խավարի կողմնակիցների համար:

Հայտնի է, որ ավտոմեքենան համալրված է 1,6 լիտրանոց շարժիչով, որը զարգացնում է մինչև 122 ձիաուժ հզորություն: Նորույթի մոտավոր արժեքը կազմում է մոտ 45 հազար դոլար:

Կայքը գրում է, որ հատուկ շարքի մոդելները սովորական ավտոմեքենաներից տարբերվում են թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ նստատեղերի և ղեկի կարմիր կարերով, «Աստղային պատերազմների» պատկերանիշով գորգերով: Դրանից բացի, ավտոմեքենաներում սարք է տեղադրված, որը վերարտադրում է կինոսագայի հերոսներից մեկի՝ R2-D2 ռոբոտի արձակած հնչյունները: