ՀԴԲ-ի տնօրենն աշխատանքից ազատման լուրը հեռուստացույցով է լսել ու դա որպես կատակ ընդունել
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին պաշտոնից ազատման վերաբերյալ լուրը սկզբում որպես կատակ է ընդունել՝ իրականությանը չհամապատասխանող համարելով տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացրել է հետախուզական գերատեսչության ղեկավարի պաշտոնից:
Ինչպես նշում է The New York Times-ը, Կոմին Լոս Անջելեսում ելույթ ունենալիս է եղել բյուրոյի աշխատակիցների առաջ, երբ հեռուստացույցով լսել է իր հեռացման մասին լուրը: Լսելով այդ տեղեկությունը՝ Կոմին ծիծաղել է և նկատել, որ դա չափազանց զավեշտալի խաղարկում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի առաջարկությամբ:
«ԱՄՆ-ի ՀԴԲ տնօրենը պետք է լինի մարդ, ով հավատարմորեն հետևում է երկրի արդարադատության նախարարության կանոններին և սկզբունքներին», - նամակում ասել է Սեշնսը:
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Կոմին ի վիճակի չէ արդյունավետ կառավարել ՀԴԲ-ն և չարաշահում է իր իշխանությունն այնտեղ:










