Արցախում վիրավորված օպերատորը մինչև վերջ նկարահանել է գնդակոծությունը. Արշակ Զաքարյանը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

15:58 • 11.05.17

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վնասվել է նկարահանող խմբի մեքենան, երկու-երեք ժամ կրակահերթը շարունակվել է, ինչի հետևանքով «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը վիրավորվել է:

«Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի վրա կատարված ադրբեջանական հարձակման մասին «Շանթ» ՀԸ-ին պատմել է հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը:

«Օպերատորը վիրավորվել է, վիրահատության է ենթարկվել, հիմա լավ է վիճակը: Ըստ իս` հակառակորդը կրակում էր ԴՇԿ, ՊԿ և Իստիգլալ զինատեսակներից»,-ասել է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ զինվորականները արագ եկել, հասել են օգնության, ուղղակի իրենք թույլ չեն տվել, որպեսզի նրանք արագ մոտենան իրենց. «Մեզ մոտենալ թույլ չէինք տալիս, նույնը պնդում էր օպերատորը, ասում էր, որ մոտիկ չգան իրեն: Բացի այդ, ես նայեցի, որ Դավիթ Աթոյանը մինչև վերջ նկարել է: Ես հպարտանում եմ իրենով: Նա բժշկին հարցնում էր՝ երբ կարող եմ նորից նկարել»:

Արշակ Զաքարյանը հայտնել է, որ առաջին անգամ չեն կրակում իրենց վրա, բայց միևնույն է` դրանով իրենց չեն վախեցնի:

Մանրամասները՝ «Շանթ» ՀԸ-ի տեսանյութում: