Microsoft-ի ղեկավարը խոսել է մասշտաբային կիբեռհարձակման մեջ հատուկ ծառայությունների մեղավորության մասին

12:39 • 15.05.17

WannaCry վիրուսի տարածման պատասխանատվությունը մասամբ տարբեր երկրների կառավարությունների և հատուկ ծառայությունների վրա է: Այդ մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը:


Նրա խոսքով՝ կառավարությունները ծրագրային ապահովման մեջ խոցելի տեղերի մասին տվյալներ են հավաքում իրենց նպատակների համար, իսկ այնուհետև հաքերներն օգտագործում են այդ տվյալները կիբեռհարձակումների համար: Սմիթը դա նմանեցրել է «Տոմահավկ» հրթիռների օգտագործման հետ, եթե դրանք գողանային ԱՄՆ բանակից, և կոչ է արել իշխանություններին ծրագրերի խոցելի տեղերի մասին ամբողջ տեղեկատվությունը փոխանցել անմիջականորեն դրանք մշակողներին:


«Մենք տեսել ենք, որ ԿՀՎ-ի հավաքած խոցելիությունների մասին տվյալները հրապարակվել են Wikileaks-ում, այժմ Ազգային անվտանգության գործակալությունից գողացված խոցելիությունների մասին տվյալների պատճառով բազմաթիվ օգտատերեր են տուժել ամբողջ աշխարհով»,- ասել է Սմիթը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 12-ի երեկոյան ամբողջ աշխարհում գրանցվել է WannaCry վիրուսի օգնությամբ համակարգիչների վրա հարձակման 45 հազար փորձ: Հաքերները փորձել են հարձակվել 74 երկրներում համակարգիչների վրա, հարձակումների առավել մեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում:

 

Microsoft-ի ղեկավարը խոսել է մասշտաբային կիբեռհարձակման մեջ հատուկ ծառայությունների մեղավորության մասին