Պորոշենկոն հայտնել է ռուսական «Одноклассники»-ում և «ВКонтакте»-ում իր էջերի գործունեությունը դադարեցնելու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես հայտնել է ռուսական «Одноклассники» և «ВКонтакте» սոցցանցերում իր պաշտոնական էջերի գործունեությունը դադարեցնելու մասին: Այս մասին նա գրել է «ВКонтакте»-ի իր պաշտոնական էջում:
Պորոշենկոյի խոսքով՝ իր թիմն էջեր է օգտագործել որոշ ռուսական սոցցանցերում՝ Մոսկվայի վարած «հիբրիդային պատերազմին» դիմակայելու համար:
«Սակայն Ռուսաստանի լայնածավալ կիբեռհարձակումներն ամբողջ աշխարհում և մասնավորապես միջամտությունը Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավին մատնանշում է, որ եկել է ավելի վճռական գործելու ժամանակը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահի բոլոր պաշտոնական հաշիվները տվյալ սոցցանցերում կջնջվեն:
Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել «անմիջապես դուրս գալ ռուսական սերվերներից՝ անվտանգության նկատառումներից ելնելով», ինչպես նաև հրապարակել իր պաշտոնական էջերի հղումներն այլ սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին հրամանագիրը, որը ենթադրում է մասնավորապես «ВКонтакте» և «Одноклассники» սոցցանցերի արգելափակումը: Բացի այդ, արգելափակվելու է նաև «Яндекс»-ի բոլոր ծառայությունների հասանելիությունը:










