Նոր տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է Էրդողանը հեռվից դիտում Վաշինգտոնում ցուցարարների վրա իր թիկնապահների հարձակումը (տեսանյութ)

10:45 • 19.05.17

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռվից դիտում, թե ինչպես են իր անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: Տեսանյութը YouTube-ում հրապարակել է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:


Տեսանյութում Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու միջադեպը, այնուհետև մտնում է Թուրքիայի դեսպանի նստավայր: Հետևի պլանում երևում է, թե ինչպես են Էրդողանի թիկնապահները հարվածում ցուցարարներին:


Թուրքիայի դեսպանատունը չորեքշաբթի հայտնել էր, որ Էրդողանի թիկնապահներն «ինքնապաշտպանվել» են, իսկ ցուցարարները կապված են եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: 


Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից: