Կուրսանտի սպանության գործով դատական նիստը երկու ամիս է չի կայանում. վկաներն ուսումնական պրակտիկա են անցնում կամ արտերկրում են
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Շուրջ երկու ամիս դատական նիստը չէր կայացել, այն պատճառով, որ գործով գրավված վկաները՝ զինծառայողները, մասնակցում էին տարբեր միջոցառումների և դատական նիստին նրանց ներկայությունն ապահովել հնարավոր չէր:
Եվս երկու դատական նիստի՝ ապրիլի 24-ի և մայիսի 8-ի դատական նիստերը չեն կայացել այն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դատավարության կողմերին հայտնեց, որ ապրիլի վեցին գործով վկա Սամվել Սերոբյանը գրություն է ուղարկել դատարան առ այն, որ դատական նիստերին չի կարող մասնակցել, որովհետև սոցիալական վատ պայմաններից ելնելով մեկնում է արտագնա աշխատանքի. «Սամվել Սերոբյանը խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Այնուհետև գրություն է ստացվել համապատասխան զորամասից Գալստյանի գրությունն առ այն, որ փետրվարին Սամվել Սերոբյանը զորացրվել է և ուղարկվել պահեստազոր»:
Դատավորը հայտնեց, որ դատարանին ուղղված գրությունների համաձայն՝ մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ը գործով վկաներ Պետրոսյանը, Դեմիրճյանն ու Վարդանյանն ուսումնական պրակտիկա են անցում, մեկ այլ զորամասում էլ ուսումնական պրակտիկա կանցնի Հովիկ Հովհաննիսյանը:
Քանի որ զինծառայողների այլ զորամասերում գտնվելու պատճառով դատական նիստերը հետաձգվում են, դատավոր Դավիթ Հարությունյանը կողմերին առաջարկեց այլ դատավարական գործողություն իրականացնել, մինչև հնարավոր լինի դատական նիստերին ապահովել վկաների ներկայությունը:
Մեղադրող դատախազն ասաց, առաջնահերթ պետք է պաշտոնապես ճշտել, թե արդյոք Սամվել Սերոբյանը լքել է ՀՀ սահմանը.« Պետք է ճշտել, թե արդյոք Սամվել Սերոբյանը լքել է սահմանը կամ գուցե պատրաստվում է լքել: Եթե համոզվենք, որ ՀՀ-ում չէ, ուրեմն այլ մոտեցում կցուցաբերենք»:
Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ ասաց, որ Սամվել Սերոբյանը կարևոր վկա է.« Սերոբյանը առանցքային վկա է, և մտավախություն կա, որ հնարավորության դեպքում նույն քայլին կդիմեն Նորիկ Օհանջանյանն ու Հովիկ Հովհաննիսյանը»:
Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










