Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards 2017-ը. Դրեյքը ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
Մայիսի 21-ին Լաս Վեգասում կայացել է հանրահայտ Billboard ամսագրի ամենամյա Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են երաժշտական ամենատարբեր ուղղությունները ներկայացնող արտիստներ:
Ինչպես նշվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, երեկոյի ընթացքում բացարձակ ռեկորդ է սահմանել կանադացի ռեփեր Դրեյքը, որն արժանացել է 13 մրցանակի՝ այդ թվում ճանաչվելով տարվա լավագույն երգիչ: Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ջասթին Բիբերը, The Weeknd-ը:
Բացի այդ, Դրեյքը մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ կատարող», «Լավագույն ռեփ-շրջագայություն», «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգերում:

«Լավագույն նորահայտ երգիչ» անվանակարգում հաղթել է Զայնը, լավագույն երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն, որն առաջ է անցել Ռիհանայից, Ադելից, Սիայից և Արիանա Գրանդեից: Ի դեպ, 35-ամյա գերաստղը մրցանակ է ստացել «Լավագույն r’n’b երգչուհի», «Լավագույն r'n'b շրջագայություն» անվանակարգերում:

«Լավագույն խումբ», «Լավագույն ռոք արտիստ» անվանակարգերում մրցանակի է արժանացել Twenty One Pilots-ը:

«Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում հաղթել է Metallica խումբը՝ Hardwired…To Self Destruct ալբոմով:











