«Թայմս Սքուերում» վրաերթի հետևանքով տուժած կանադահայ կինը դեռևս կոմայի մեջ է
Մայիսի 18-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում իրականացված վրաերթի ժամանակ տուժել է նաև կանադահայ Ելենա Ավետիսյանը, ով դեռևս կոմայի մեջ է:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, 38-ամյա Ելենա, ով երեք երեխայի մայր է, Նյու Յորք էր ժամանել իր զարմուհու հարսանիքին մասնակցելու համար:
Ելենայի բարեկամուհին GoFundMe կայքում գրառում է կատարել` ցանկանալով դրամահավաք կատարել նրա վերականգնման ծախսերը հոգալու համար:
«Զարմուհիս՝ Ելենա Ավետիսյանը, պայքարում է կյանքի համար: 2017 թվականի մայիսի 18-ին խելագարի մեքենան վրաերթի ենթարկեց նրան: Նա Նյու Յորք էր եկել իմ հարսանիքին: Որոշեց Թայմս սքվեր գալ՝ չմտածելով, որ այդ զբոսանքն ընդմիշտ կփոխի նրա կյանքը»,- գրել է նրա բարեկամուհին:
Հիշեցնենք, որ նյույորքյան հրապարակում իրականացված վրաերթի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել, տասնյակները` վիրավորվել:










