Թրամփը Հռոմի պապի հետ հանդիպումը պատիվ է համարել իր համար

11:44 • 24.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին նախագահական շրջագայության ընթացքում Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նշելով, որ դա իր համար պատիվ է:

Ինչպես նշում է The Guardian-ը, 70-ամյա ղեկավարի և կաթոլիկների հոգևոր առաջնորդի հանդիպումը կայացել է  Պապի նստավայրում: Նրանք միմյանց ձեռք են սեղմել ու հետո թույլ տվել լրագրողներին լուսանկարել իրենց:

Աղբյուրը նկատում է, որ Թրամփի և պոնտիֆիկոսի քննարկելիք թեմաների մեջ առանցքային է լինելու ներգաղթյալների և փախստականների հարցը:

Հայտնի է, որ ավելի վաղ Հռոմի պապն ասել էր, որ հանդիպման ժամանակ չի պատրաստվում ԱՄՆ նախագահի համար քարոզ կարդալ այն հարցերի շուրջ, որոնցում իրենք համակարծիք չեն:

«Նախևառաջ ես պետք է լսեմ նրա տեսակետը, հետո նոր հայտնեմ իր կարծիքը»,-նշել էր Պապը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապը քննադատել էր Թրամփին՝ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատ կառուցելու մտադրության համար:

«Մարդը, որը մտածում է ոչ թե կամուրջների, այլ պատերի կառուցման մասին, քրիստոնյա չէ»,-ասել էր կաթոլիկների հոգևոր առաջնորդը: