Վարչապետը հանձնարարեց շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել

11:34 • 25.05.17

 

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքերի, շինությունների  տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն:

Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն:

«Քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ, մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն  և այլն: Նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,-ասաց նա և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ:

Այնուհետև վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին, քաղաքապետին գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով մեկամսյա ժամկետում հանձնարարեց  կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույց տանիքների  և արտաքին այլ տարրեր պարունակող պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետն ասաց, որ պետական և համայնքային բյուջեներից տանիքների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման դեպքում պետք է առաջնորդվել առաջին կետով նախատեսված պահանջներով: «Ինձ թվում է՝ խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- հավելեց նա: