Մեր երկրի դիմագիծը փոխելու համար պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին. Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պետական պարգևների հանձնման արարողությանը

18:47 • 28.05.17

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ:  

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ. 
 
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 
Հարգելի՛ հյուրեր, 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի և մեր պետության բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու առթիվ: 

Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը: 

Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա: 

Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը:

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության: 

Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի և նվիրումի համար: 

Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: 

Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում: 

Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:

Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր:

Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր և հետևողական աշխատանքը: 

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, այս կարևոր տոնի և պարգևատրման կապակցությամբ: 

Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար»: 

Նախագահի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: 

«Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար Ռուբեն Պետիկի Գևորգյանին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,-ասվում է մեկ այլ հրամանագրում:

Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի «Սարտիս-Գլորիա» ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Սամսոնի Սարուխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: