Լամբադա կամրջի մոտ կողաշրջվել է թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ (թարմացված)

18:49 • 02.06.17

20:05

Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողացել կառավարել ավտոբուսը, այդ իսկ պատճառով՝ ավտոբուսը հարվածելով մայթին՝ կողաշրջվել է․ այս մասին «Ազատությանը» տված հարցարզրույցում՝ խոսելով Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման պատճառների մասին՝ այսպես ասաց Երևան քաղաքի Տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նա տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 25 հոգի, վթարի հետևանքով տուժել են նրանցից 10-ը, այդ թվում՝ վարորդը: Տուժածները տեղափոխվել են երևանյան հիվանդանոցներ:

_____

19:55

Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով 6 տուժած շտապ օգնության մեքենաներով է տեղափոխվել երևանյան հիվանդանոցներ՝ 3-ը Հերացու անվան թիվ 1 համալսարանական և 3-ը Արաբկիրի մանկական հիվանդանոց․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնացել»,- հաղորդեց նա:

_____

19:22

Լամբադա կամրջի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով «Հերացու» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 6 մարդ․ այս մասին tert.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

«Մեկին ընդունել ենք, մնացածը դեռ ստուգվում են»,- ասացին այնտեղից՝ նշելով, որ տուժածներից այլ մանրամասներ հաղորդել դեռ չեն կարող:

_____

19:15

Նախնական տվյալներով Լամբադա կամրջի մոտ տեղի ունեցած 23 համարի երթուղային ավտոբուսի վթարից տուժել է 8 մարդ. այս մասին Tert.am-ին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը:

«Մեր տվյալները խիստ նախնական են, քանի որ մինչ ԱԻՆ-ի ժամանումն արդեն շտապ օգնության մեքենաներով և անձնական միջոցներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ արդեն տուժածների թիվը հստակ կունենանք»,- ասաց նա:

_____

19:05

Վթարի հետևանքով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տղամարդ․ այս մասին մեզ տեղեկացրին բժշկական կենտրոնից՝ պատմելով, որ տեղափոխվածի գլուխն էր պատռված, արյուն էր հոսում:

«Հիմա տրավմաների բաժնում է, հերթապահող բժիշկն է նրան նայում, կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին հիվանդանոցից:

_____

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածը 23 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսն է:

Վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: