Օբաման դատապարտել է փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը միանում է «այն պետությունների փոքր խմբին, որոնք մերժում են ապագան, հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ կլիմայի փոփոխության հարցով Փարիզի համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշման հետ կապված:
Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ն այդ ամենում պետք է առաջատար դեր ունենա: Իսկ Թրամփի որոշումն, ըստ իրեն, ընդհակառակն, արտացոլում է «ամերիկյան առաջատար դերի բացակայությունը»:
Սակայն Օբաման հույս ունի, որ ԱՄՆ նահանգներն առանձին-առանձին այդ բացը կլրացնեն՝ ստանձնելով կլիմայի պաշտպանության հարցով նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով:










